Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կարևորվում էր համատեղ արտադրության մեկ-երկու ֆիլմ ունենալու հրամայականը: Համաշխարհային հնչողությամբ կինոյի սպասելիքները թերևս չեն արդարացել: Ի՞նչ է պետք լավ ֆիլմ նկարահանելու համար, որը կդիտի ամբողջ աշխարհը, և արդեն եղած ֆիլմերի մասին ի՞նչ կարծիք ունեն կինոգետները: Մեզ հետ զրույցում կինոգետ ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆԸ առանձնացրեց Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ», Վրեժ Պետրոսյանի «ՈՒրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» ֆիլմերը, նշեց, որ երկու դեպքում էլ ցեղասպանության հարցը բարձրացվել է հայ ժողովրդին իրենց կյանքը նվիրաբերած օտարազգի միսիոներների կենսագրության, այսինքն` երախտիքի միջոցով, ինչը ճիշտ մոտեցում է. «Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» խաղարկային ֆիլմի ցուցադրությանը պատիվ չեմ ունեցել հրավիրվելու, բայց արձագանքներից դատելով`չեմ կարծում, թե անհետաքրքիր ֆիլմ է: Այլ հարց է, որ չեմ կարող ասել` ինչպես կընկալի միջազգային հանրությունը»: Կինոգետը ցանկալի ճանապարհ է համարում հանճարին առանցքում ունենալն ու դրա հիման վրա համազգային ողբերգությունը պատկերելը: Այդ իմաստով շատ է հավանել Ալեքսանդր Թոփչյանի` Ռուբեն Սևակի մասին ֆիլմ նկարահանելու առաջարկը: Սակայն մեր ուժերը կարծես չեն ներում լավ ֆիլմ ունենալու, Սիրանույշ Գալստյանի կարծիքով`ցանկալի է և ժամանակն է, որ ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանեն օտարազգի ռեժիսորները: «Իսկ եթե այդ ժամանակ էլ ասեն` բյուջե՞ չունենք» հարցին ի պատասխան ասաց. «Երբ ուզում ենք, գումար գտնվում է»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ